Պենտագոնը թույլ է տվել 3 միլիարդ դոլարից ավելի օգտագործել Մեքսիկայի պատի շինարարության համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը թույլ է տվել Մեքսիկայի սահմանին նոր պատվարների շինարարության համար 3,6 մլրդ դոլարի օգտագործումը: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեին հղած նամակում, որը հրապարակել է CNN հեռուստաընկերությունը:

«Ես որոշում եմ ընդունել, որ Մեքսիկայի սահմանի երկայնքով ռազմական շինարարության 11 նախագծերը, որոնց արժեքը գնահատվում է 3,6 մլրդ դոլար, անհրաժեշտ են ազգային անվտանգության նպատակներին համապատասխան զինված ուժերի օգտագործմանն աջակցելու համար»,- նշված է նամակում:

Նշվում է, որ այս նախագծերն իրականացվում են առաջին հերթին ԱՄՆ տարածք ապօրինի միգրանտների մուտքը խոչընդոտելու նպատակով: Դրանց իրականացման շնորհիվ կկրճատվի նաև Պաշտպանության նախարարության անձնակազմի թիվը, որն անհրաժեշտ է այն տեղերում սահմանի պաշտպանության համար, որտեղ կկառուցվեն նոր պատվարներ:

Politico պարբերականի տեղեկություններով՝ ֆինանսավորման կեսը կվերաուղղորդվի ԱՄՆ տարածքում ռազմական շինարարության նախագծերից, մնացած մասը կստացվի արտասահմանում համանման նախագծերի համար նախատեսված միջոցներից: Դա ընդհանուր առմամբ կվերաբերի 127 նախագծերի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին հրաման էր ստորագրել երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին: Սա ԱՄՆ վարչակազմին թույլ կտար, մասնավորապես, 8 մլրդ դոլար հավաքագրել Մեքսիկայի սահմանի մի քանի հատվածներում պատվարների կառուցման կամ վերանորոգման համար: Ամերիկյան կառավարության կարծիքով՝ դա թույլ կտա կանխել ապօրինի միգրացիան և թմրանյութերի մաքսանենգությունը: Թրամփն ավելի վաղ ցանկանում էր հասնել պետական բյուջեի մեջ Մեքսիկայի սահմանին պատվարի կառուցման համար 5,7 մլրդ դոլարից ավելի ներառելուն: Այս կապակցությամբ դեմոկրատների հետ վեճերի պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Կոնգրեսում տեղի ունեցավ բյուջետային ճգնաժամ, այն ուղեկցվեց դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմամբ, որը տևեց ռեկորդային 35 օր:

Ամենաթարմ