Հուլիսի 26-ին քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ բացահայտվել են պետհամարանիշների շորթման դեպքեր։
«2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ հաղորդում են տվել այն մասին, որ անհայտ անձը գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց «Telegram» հավելվածի միջոցով պահանջել և ստացել է 150.000, 60․000 և 35․000 ՀՀ դրամ գումար:
- Քննչական կոմիտեն պարզում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները
- Քննչականը մանրամասներ ներկայացրել Գորիսում կատարված կրակոցների մասին
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել են Քրեական գործեր 182-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցավոր արարքը կատարել է Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը:
Որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ։
Բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Միջնորդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
