Ազգային ժողովում լարված վիճաբանություններից, ընդդիմություն-իշխանություն վեճերից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նիստի օրակարգը ներկայացնելու համար։
«Ես հուսով եմ՝ ձեզ դեռ հետաքրքիր է նիստերի օրակարգը, հարգելի՛ գործընկերներ», – ժպտալով ասաց Միրզոյանը, ապա անդրադարձավ վիճաբանություններին։
Միրզոյանը նշեց, որ բոլոր պատգամավորներն էլ ներկայացնում են ժողովրդին, իսկ նրանց պետք չէ ընդմիջել, քանի որ դա դուր չի գա նաև ընդմիջողներին։ Նա ասաց, որ պետք չէ շահարկել, թե իշխանությունը մերժում է ընդդիմության բոլոր նախագծերը, քանի որ կան նաև այնպիսիները, որոնք ընդունվում են։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի գնահատականներին՝ ասաց, որ այլևս պատգամավորներին չորակի, որ նրանք ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի շնորհիվ։
«Էստեղ մարդիկ են նստած, որ -20-ին, մինչ դուք ստեղ բաներ էիք դակում, Ազգային ժողովի պարիսպներից դուրս պլակատներով սառում էին կամ որևէ այլ ձևով իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում տարիներ շարունակ», – ասաց ԱԺ նախագահը: