ԱՄՆ Մինեսոտա նահանգում Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից կնոջ սպանությունը լրջագույն զարգացումների պատճառ է դարձել, քանի որ ԱՄՆ ներկայիս ֆեդերալ վարչակազմի բոլոր ղեկավարները արդարացնում են այդ սպանությունը՝ որակելով այն որպես անվտանգության աշխատակցի կողմից կատարված ինքնապաշտպանություն։ Սակայն ԱՄՆ հասարակությունն ու ամբողջ աշխարհը բաց աղբյուրներից և հրապարակված տեսանյութի միջոցով պարզ տեսնում են իրականությունը. ավտոմեքենան վարող կինը վրաերթի ենթարկելու ուղղություն չէր վերցրել, մինչդեռ կրակ արձակողը երեք անգամ՝ առաջինը դիմապակուց, հետո արդեն կողքի բացված ապակու կողմից երկու կրակոց է արձակում կնոջ վրա՝ սպանելով նրան։
Չնայած այս փաստերին, Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Քրիստի Նոեմն ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե դա եղել է «ներքին ահաբեկչության ակտ»՝ պնդելով, թե կինը մեքենան վարել է իր աշխատակցի վրա։ Թրամփը նույնպես, թեև տեսարանը որակել է ահավոր, պնդում է, որ տեղի է ունեցել անվտանգության աշխատակցին վրաերթի ենթարկելու բռնի, կամայական ու դաժան փորձ։ Այս գծի մեջ է նաև 2028-ի նախագահի հավակնություններ ունեցող Ջեյ Դի Վենսը, ով իր իքսի էջում գրել է, թե կարելի է կնոջ մահը ողբերգություն համարել՝ միաժամանակ ընդունելով, որ դա իր իսկ կողմից ստեղծված ողբերգություն է։ Նա կոչ է արել ապօրինի չմիջամտել դաշնային իրավապահների գործողություններին և չփորձել մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկաններին, իսկ մեկ այլ գրառմամբ հարցադրում է արել, թե արդյոք սպան սխալվել է՝ պաշտպանելով իր կյանքը «խելագար ձախականից», որը փորձել է վրաերթի ենթարկել իրեն։
Հայրենիքի անվտանգության դեպարտամենտը ևս հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Մինեապոլիսում ICE սպաները թիրախային գործողություններ էին անում, երբ անկարգություն անողները սկսել են արգելափակել ճանապարհները, և նրանցից մեկն իր մեքենան օգտագործել է որպես զենք՝ փորձելով սպանել իրավապահին։ Սա որակվել է որպես ներքին ահաբեկչության ակտ, իսկ աշխատակցի կրակոցները՝ իր և գործընկերների կյանքը փրկելու քայլ։ Այս ամենի ֆոնին ուշագրավ է Դեն Բիլզերյանի մեկնաբանությունը, ով դիմելով իշխանություններին՝ նշել է, որ նրանք սպանել են կնոջը, և իրենց «պեդոֆիլ պաշտպանող նախագահը» պահում է նրանց թիկունքը, ինչից ինքը զարմացած չէ։ Տեղական իշխանությունները նույնպես հակադրվել են դաշնայիններին. Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոյցը ֆեդերալ հայտարարությունները կոչել է «պրոպագանդա», իսկ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեքոբ Ֆրեյը՝ «աղբ» և «եզություն»։
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ ղեկավարությունն ուղիղ պատասխանատվություն է վերցնում իր քաղաքացուն սպանելու համար, սակայն մեղավորությունը բարդում է քաղաքացու վրա։ Ժողովրդավարության դրոշակակիր և առաջատար պետության կառավարմանը հավակնող այս մարդիկ փաստացի հանդես են գալիս որպես սեփական քաղաքացիներին սպանողներ։ Այս համատեքստում հիշվում է Արցախյան պատերազմը, երբ իշխանության էր Թրամփը, ով հայերին համարում էր ուժեղ ու արի ժողովուրդ, բայց այդպես էլ չկանգնեցրեց պատերազմը։ Հիշվում են Բայդենի ժամանակները, երբ Արցախը ենթարկվեց շրջափակման, սովահարության ու էթնիկ զտման, և այս վարչակազմի կողմից ոչ մի արտասովոր քայլ չարվեց։ Զարմանալի չէ, որ առհասարակ մարդ սպանողները չեն խնայելու նաև իրենց ազգի ներկայացուցչին, ինչպես Պուտինը, որը զոհաբերում է իր երկրացիներին ուկրաինական ճակատում, ինչպես Ալիևը, որը սատկացրել է ժողովրդավարությունն իր երկրում, կամ Նեթանյահուն, որը կոտորեց հազարավոր անմեղ պաղեստինցիների։
Շատերը կառավարում են ոչ թե համընդհանուր բարիք ստեղծելու, այլ իշխելու և ուրիշի բարիքը յուրացնելու նպատակով։ Այսօր տիրում են միջազգային քրեական բարքեր, բայց սա «ժամանակավոր» է, քանի որ աշխարհում հասունանում է կարգուկանոն հաստատող «ոստիկանի» պահանջը։ Պատմությունը ապացուցում է՝ իրականում չկան «լավ» կամ «վատ» ղեկավարներ, կան միայն խաղի կանոններ։ Խոսքը ոչ թե Ալիևի քարոզած «ուժի և դաշինքների» մասին է, այլ հստակ գործող մեխանիզմների։ Ցավոք, այսօր տեսնում ենք կանոնների երեք տեսակ՝ նրանք, որոնք պարզապես չեն գործում, նրանք, որոնք գործում են շարքայինների, բայց ոչ «արտոնյալների» համար, և նրանք, որոնք ի սկզբանե գոյություն ունեն միայն որպես քարոզչական շղարշ։ Աշխարհակարգը չի փոխվելու, այլ վերահաստատվելու է ու խորացնելու է գլոբալիզացման հիմնավորումն իր դրական ու բացասական կողմերով, քանի որ վատ տղաները եկել են համոզելու բոլորիս, որ պետք են խաղի կանոններ, ոչ թե բարձիթողի ու անկանխատեսելի աշխարհ։

