ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի 27-ին ժամանելու է Երևան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով:
Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախկին No16 դպրոցի շենքը հանձնվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին անհատույց օգտագործման։ Այս ժեստով ՀՀ կառավարությունը իր մեծ ներդրումն է բերել Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեջ և ցույց տվել Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնառությունը:
Պարոն Ժան Բատիստ Լըմուանը, ով 2018 թվականին իր այցի ընթացքում “մկրտեց” հաստատությունը նոր`Անատոլ Ֆրանսի անունով, այս անգամ կայցելի նոր շենքի շինհրապարակ տեսնելու ընթացիկ աշխատանքները և հանդիպելու Կրթահամալիրի ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ: Այս նոր շենքը թույլ կտա Կրթահամալիրին հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինի ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ: Ընդ որում վերջիններս մեծամասնություն են կազմում:
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան (ավագ դպրոց): Այն հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության համաշխարհային ցանցի անդամ, որի անդամ հաստատություններում սովորում է 370 000 աշակերտ:
Դպրոցի անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր և հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ.-1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքիտուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով: