Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է Ասլանյանը։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ նախաձեռնված է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքները։
Պատգամավորի ձերբակալության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ոստիկանությունը.
«ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ՝ մարտի 11-ի ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
«Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

