Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:
Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու համար, և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է՝ օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։