Կառավարության մայիսի 2-ի քննարկումներին է ներկայացվել պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաև հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը և այլն։
Ջանջուղազյանը բացատրեց, որ այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ պետությունը պետք է գնի ամենացածր գնով ապրանքները, թեև դրանք կարող են լինել ցածրորակ։ Իրականում, ըստ նախարարի, այդպիսի սահմանափակում չկա, և կարելի է ընտրել նաև գին / որակ համադրությամբ ավելի թանկարժեք ապրանքներ։
Նիկոլ Փաշինյանն համաձայնեց, որ երբեմն ցածր գնի պատճառով ձեռք են բերվում ցածրորակ ապրանքներ, որոնք անպիտան են լինում։ Վարչապետը նաև հավելեց, որ հավանաբար կարիք կա, որ պետական գնումների մասին դասընթաց կազմակերպվի պետական մարմիններում, որպեսզի այդ կարծրացած մոտեցումը չգործի, թե պետք է միշտ գնել էժան ապրանք։
