Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարցին և նշել, որ այդ նախագիծը դեռևս քննարկման փուլում է:
«Դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց: Միայն պետք է մի նախապայման նշեմ, որը ՊՆ նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ առաջնագծում միտումն այն է, որ ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները: Եվ սա այդ համատեքստում առաջին քայլն է: Փորձելու ենք գտնել այդ հնարավորությունը, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականցնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որն ունի սահմանափակումներ, բայց պիտանի է զինվորական ծառայությանը՝ ավելի երկար ժամկետով իրականացնի իր ծառայությունը»,- ասել է փոխնախարարը:
Խոսելով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի մասին` փոխնախարարն նշել է, որ վարժարանը կտեղափոխեն այն ժամանակ, երբ ստեղծեն ավելի հարմար պայմաններ:
«Ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար, այնտեղ սովորող աշակերտների կենցաղը ապահովելու համար, մինչև ավելի լավ պայմաններ չստեղծվեն, վարժարանը չեն տեղափոխի»,- շեշտել է Բալայանը: