Հունիսի 5-ին ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ հարցաքննվել են վկաները: Նրանցից առաջինը շտապօգնության բժիշկ Ռուզան Մարգարյանն է եղել: Վերջինս ՊՊԾ գնդի գրավման օրը հերթապահ է եղել:
«Կանչ ստանալուց հետո մտանք սենյակ, կանչել էին բուժօգնություն ցույց տալու, սակայն տեսել ենք արյան հետքեր, դիակ, որը հաղթանդամ տղամարդ էր: Տեղավորեցինք պատգարակի վրա ու դրեցինք մեքենայի մեջ: Տարանք դիահերձարան»,- պատմել է բժշկուհին:
Վկան սակայն դեպքի հետ կապված արտառոց ոչինչ չէր հիշում, չէր հիշում իր` այնտեղ եղած ժամանակ ինչ խոսակցություններ են եղել, այնտեղ չի տեսել Երևանի ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, կրակոցներ չեն հնչել այդ ժամանակ:
Բժիշկն արձանագրել է, որ մահը վրա է հասել մինչև շտապօգնության գալը: Դիակի մասին տեղեկություններ հաղորդել է հեռախոսով, ասել է` 40-50 տարեկան խոշոր տղամարդ էր: Դատարանը նկատել է, որ վկայի նախաքննական ցուցմունքներում կան հակասություններ. հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները, որոնցում վկան պատմել է, որ իրենց ուղեկցել են մի սենյակ, որն ամբողջովին արյան մեջ էր կորած, գետնին դի կար՝ ոտքերը դեպի դուռն ուղղված, արյունով ծածկված, զինվորական հագուստով:
Վկան նաև նշել, որ ինքն ինչ-որ մեկից լսել էր՝ եթե ոստիկանը չկրակեր առաջինը, նրան ոչ ոք չէր սպանի:
Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի` ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված առաջին ոստիկանը գնդապետ Արթուր Վանոյանն էր, որը դեպքի օրն առավոտյան ավարտելու էր իր հերթապահությունը: