https://www.youtube.com/watch?v=k7JtVgIkfVY
Հունիսի 14-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարն անդրադարձավ մի շարք խնդիրների և տվեց հանձնարարականներ: Առաջին հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ֆ. Ցոլակյանը, վերաբերում էր հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակին: Նախարարը նշեց, որ հունիսի վիճակագրությամբ 13-14 անգամ աճել է հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ, և հանձնարարեց ուժեղացված ու օպերատիվ ռեժիմով հսկողության տակ պահել իրավիճակը:
Հաջորդ հարցը վերաբերում էր ԱԻՆ ՓԾ տարածքային կառույցների կողմից մարզերում գրանցված կարկուտի մասին ոչ պատշաճ զեկուցմանը: Գերատեսչության ղեկավարը մարզային ստորաբաժանումների ղեկավարներին խստագույնս հանձնարարեց մշտապես կապ պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահառու կառույցների հետ և պարբերաբար զեկուցել, թե որ համայնքներն են տուժում կարկուտից:
Նախարարն անդրադարձավ նաև գործուղումների խնդրին՝ նշելով, որ դրանք երբեմն բավական ուռճաչված են և անտեղի, ու շեշտեց, որ այսուհետև դրանք կիրականացվեն խիստ հսկողության ներքո:
ՄՓՎ-ի պետերին Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց ուսումնասիրել և մինչև հուլիս զեկուցել մարզում առկա ոլորտին առնչվող խախտումների և ապօրինությունների վերաբերյալ:
Նախորդ շաբաթ Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում նախարարը հանձնարարել էր ուժեղացված ռեժիմ սահմանել Սևանա լճի հանգստյան գոտիների լողափերում՝ կապված զբոսաշրջիկների՝ սպասվող մեծ հոսքի հետ: Նախարարը նշեց, որ Սևանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է ընդգրկվել, ուստի` սպասվում է զբոսաշրջիկների մեծ ներհոսք, և անհրաժեշտ է ուժեղացված ծառայությամբ ապահովել մարդկանց անվտանգությունը:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց դրսևորել առավելագույն կարգապահություն, քանզի փրկարարությունն անկարգապահություն չի հանդուրժում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։