ՖԿՍՀՊԻ /1998-2011 թթ/ կինեզիոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Ստեփան Գրիգորյանը Azat TV-ին տրամադրած իր հոդվածում անդրադարձ է կատարել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում առկա իրավիճակին։ Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ՝
Քաղաքակիրթ բոլոր առաջատար երկրների պատմության և փորձի վերլուծությունն ապացուցում է, որ այն երկրները, որոնք տիրապետում են կրթական ժամանակակից տեխնոլոգիաների, հայտնի են իրենց բարձրակարգ կրթական համակարգով և պատրաստում են գիտակ, արհեստավարժ մասնագետներ հետևաբար և ունեն զարգացման անխուսափելի առաջընթաց։
Օրինակներ պետք չէ երկար փնտրել. բավական է նշել այն երկրները, որտեղ կան հայտնի համալսարաններ՝ Ստենդֆորդ, Քեմբրիդջ, Օքսֆորդ, Հարվարդ, Իտոն…։ Ընդ որում, քաղաքակիրթ այս երկրների առաջընթացը նկատվում է բոլոր ոլորտներում՝ բնական, տեսական և կիրառական գիտություններում, բժշկագիտության ոլորտում, ՏՏ, պաշտպանության բնագավառում և այլ ուղղություններում, ինչը թույլ է տալիս կուտակել և իմաստավորել բնության, մարդու և հասարակության վերաբերյալ էմպիրիկ գիտելիքներ, ձևավորել գիտական մտածողություն և պատմական զարգացման տեսանկյունից վերաիմաստավորել այն կարևորագույն, հումանիտար գիտական ինստիտուտի գոյությունը, որն իր պատմական նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։
Միևնույն ժամանակ, հակառակ օրինակ են ծառայում ցածր մակարդակի մասնագիտական կրթություն մատուցող երկրները, որոնք մշտապես գտնվում են կախյալ վիճակում։ Ցավոք, այս ցուցակում է գտվում նաև Հայաստանը և Հայաստանի բուհերի թվում՝ կրթության ցածր մակարդակով աչքի ընկնող՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտը։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, լինելով կրթական այս ուղվածության միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը տարածաշրջանում, կոչված է պատրաստելու պրոֆեսիոնալ, սիրողական և առողջարարական սպորտի մարզիչներ և ֆիզիկական ռեհաբիլիտացիայի մասնագետներ։
Մինչդեռ, շնորիվ քսան տարի առաջ ռեկտոր նշանակված Վահրամ Առաքելյանի, որն, ի դեպ, բազմիցս խախտելով ԲՈՒՀ-ի կանոնադրությունը չորս անգամ անընդմեջ ընտրվել է այդ պաշտոնում և մինչ օրս հանդիսանում է ՖԿՍՊԻ ռեկտոր, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այդ ուսումնական հաստատությունը ոչ միայն չի մատուցում բավարար մակարդակի գիտելիքներ, չի իրականացնում նշված ուղղությունների զարգացման գործընթացները, այլև վերջին երկու տասնամյակների ընթացքում զգալի անկում է ապրել։
Նշված ժամանակաշրջանում Վ.Առաքելյանի մասնակցությամբ ինստիտուտից օտարվեցին և վաճառվեցին՝ հանրակացարանի շենքը (ներկայումս՝ Հյուսիսային համալսարան), օղակաձև այգում գտնվող լողավազանը և թենիսի երկու դաշտերը (ներկայումս՝ Մուլտիվելնես ֆիթնես կենտրոն), ֆուտբոլի դաշտը (այժմ այն պատկանում է ՀՖՖ-ին), Ծաղկաձորում գտնվող դահուկային բազան:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինստիտուտը ունենալով լողի, ֆուտբոլի և թենիսի ամբիոններ և շնորհելով այդ մասնագիտությունների մարզիչի դիպլոմներ, չունի համապատասխան ուսումնական և մարզական կառույցներ, ու գիտական հետազոտություններ իրականացնելու հնարավորություն և որպես հետևանք չի կարող պատրաստել որակյալ մասնագետներ։
Ինստիտուտի մարզական դահլիճները մատնված են կատարյալ անգործության և չեն ծառայում իրենց նպատակին, քանզի պարապմունքների անցկացման համար չեն տրամադրվում ուսանողներին և մարզիկներին։ Բավական է նշել, որ ռեկտոր Վ.Առաքելյանի կարգադրությամբ ժամը 16.00-ից և շաբաթ ու կիրակի օրերին ինստիտուտի բոլոր մուտքերը ամուր կողպված են։
Նույն ժամանակաշրջանում, Վ.Առաքելյանի գործունեության արդյունքում, աշխատանքից ազատվեցին ինստիտուտի մի շարք առաջատար մասնագետներ՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, որի հետևանքով, կարելի է հաստատապես փաստել, որ գլխատվեց ինստիտուտի գիտական զարգացումը։ Վ.Առաքելյանն իրեն շրջապատել է «հավատարիմ» մարդկանցով և շռայլորեն շնորհում է «անարժան» պրոֆեսորի և դոցենտի կոչումներ մարդկանց, ովքեր չունեն և ոչ մի գիտական աստիճան։
Այս ամենի հետևանքով երիտասարդ դասախոսները և ուսանողները հնարավորություն չունեն ունկընդրելու բանիմաց մասնագետների, յուրացնել նրանց փորձը, ինչը բերել է գիտելիքների մատուցման և դասավանդման անբավարար որակի ու նաև՝ մագիստրոսական և ավարտական աշխատանքների չափազանց ցածր մակարդակի առկայությանը։ Բուռն ծաղկում է ապրում գրագողությունը և հովանավորչությունը։
Միչդեռ, կրթական ճիշտ քաղաքականության վարելը Հայաստանին հնարավորություն է ընձեռում բակալավրիական, անգամ մագիստրոսական և ասպիրանտական ուսուցում կազմակերպելու միջազգային մակարդակով։ Եվ եթե մեր վարած քաղաքականությունը ճիշտ լինի, Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ և՛ մրցունակ գիտություն ունենալու, և՛ գիտելիքի առևտրայնացման գործում հաջողություններ արձանագրելու: Հարկ է ներդնել գիտության վարչական կառավարման այնպիսի սկզբունքներ, որ կրթության և գիտության զարգացումը դառնա ինքնակարգավորվող գործընթաց: Չմոռանանք, որ Հայաստանն ունի որակյալ մարդկային ռեսուրս, և գիտությամբ զբաղվելը հայերիս գենետիկական հատկանիշն է:
Կարծում եմ, որ այս համատեքստում, բուհի մակարդակը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ շրջանավարտների պատրաստվածության և բանիմացության մակարդակը այսօր հնարավորություն պիտի ընձեռի ինքնուրույն աշխատանքային գործունեություն ծավալելու՝ բուհն անմիջապես ավարտելուց հետո: Այս կարևորագույն հանգամանքը, նախևառաջ, պայմանավորված է բարձրակարգ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործունեությամբ և համապատասխան ուսումնական, գիտական և գործնական բազաներով, որոնք, ինչպես արդեն նշեցինք, բացակայում են ՖԿՍՊԻ-ում։ Ասեմ ավելին, ներկայումս այս ինստիտուտում բացակայում է գիտությանն ու գործնական ոլորտին այնքան անհրաժեշտ դիալեկտիկական զարգացումը:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Ստեփան Գրիգորյան»։
