«Պարի Սեն Ժերմենի» երկրպագուների և ակումբի միջև տարաձայնություններ կան, ինչի հետևանքով նրանց հարաբերությունները կարծես թե լարվում են։
Չորեքշաբթի հանդիպում են ունեցել Collectif Ultra Paris ֆան ակումբի և փարիզյան ակումբի ներկայացուցիչները։ Նրանք քննարկել են Նեյմարի վերադարձը ՊՍԺ-ի կազմ։ Ակումբից հայտնել են, որ Նեյմարը կարող է հանդես գալ Լիգա 1-ի 5-րդ տուրի «Ստրասբուրգի» դեմ խաղում։ Երկրպագուները ցանկություն են հայտնել բողոքի պաստառ բերել ստադիոն՝ կապված Նեյմարի՝ ամառային տրանսֆերային պատուհանի պատմությունների հետ։
Երկրպագուները ցանկանում են ևս մեկ անգամ իրենց դժգոհությունը հայտնել 27-ամյա ֆուտբոլիստի գործողությունների հանդեպ։ Ակումբի ներկայացուցիչները հայտնել են երկրպագուներին, որ չեն կարող թույլ տալ վիրավորական պաստառներ բերել մարզադաշտ։
Այսպիսով, ֆան ակումբին արգելվել է այդպիսի ակցիա իրականացնել։
Ինչպես փոխանցում է RMC Sport-ը, այս ամենի հետևանքով փարիզյան ակումբի երկրպագուները որոշել են բոյկոտել Լիգա 1-ի 5-րդ տուրի «Ստրասբուրգի» հետ խաղը, ինչպես նաև «Ռեալի» դեմ ՉԼ-ի մեկնարկային տուրում կայանալիք խաղը։