Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում 4 հեկտարի վրա հիմնվել է պտղատու այգի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի բնակիչ, այգու հիմնադիր Վաչագան Գասպարյանը, այգին հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված 20 միլիոն դրամ անտոկոս վարկի հաշվին։
Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է, կատարվել է 1300 հատ տանձի, 700 հատ՝ ծիրանի եւ սալորի տունկ։ Որպես պաշտպանիչ շերտ՝ այգու եզրերում տնկվել է 300 հատ կանադական բարդի։ Ծառատունկը կատարվել է ապրիլի առաջին կեսի ընթացքում։
«Անտոկոս վարկը պետք է մարվի առաջիկա յոթ տարիների ընթացքում։ Տնկված ծառերը 2,5 տարեկան են, բերքն ակնկալում ենք երկու-երեք տարի անց։ Ոռոգումն առայժմ կիրականացնենք ավանդական եղանակով, սակայն ընթացքում կմտածենք կաթիլային ոռոգման համակարգի կառուցման մասին։ Նախկին տարիներին այս տարածքում միայն հացաբույսեր են ցանվել, որոնց բերքատվությունը եւ եկամտաբերությունը մեր սպասելիքները քիչ են արդարացրել։ Հուսով ենք, որ մեր նորաստեղծ այգին ապագայում կապահովի բարձր բերքատվություն եւ բավարար եկամտաբերություն»,-ներկայացրեց Վաչագան Գասպարյանը։
