Ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ավարտին ՌԴ նախագահը հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը:
«Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես տեղի է ունեցել նաև այս անգամ»,-նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ իրենց սերտ շփումը թույլ է տալիս արագ կարգավորել երկկողմ համագործակցության տարատեսակ հարցեր և ընդհանուր մոտեցումներ մշակել հիմնական միջազգային խնդիրների համար:
ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար: