Երևանի «Փյունիկի» ղեկավարությունը կարող է մտածել Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Եթե լուրջ աշխատանքներ չտարվեն, ամեն ինչ կկրկնվի՝ թե՛ նախորդ առաջնությունում տեղի ունեցած մրցավարական սկանդալը, թե՛ մնացած խնդրահարույց պահերը։ Արտակ Սիմոնյանի հարցը մեզ շատ է մտահոգում։ Դեռևս թարմ է հիշողության մեջ, թե նախորդ տարի «Լոռիի» հետ խաղում ինչ տեղի ունեցավ։ Մրցավարական աշխատանքը մթագնեց ակումբի ամբողջ աշխատանքը։ Մեր մի քանի խաղացողներ նույնիսկ հրաժարվեցին երկարաձգել պայմանագրերը մեր թիմի հետ՝ ասելով, որ միևնույն է «Փյունիկին» չեն թողնելու չեմպիոն դառնալ, իմաստ չկա շարունակել հանդես գալ այս ակումբում։
Դիմել էինք ֆեդերացիային, ի դեպ դա միակ դեպքն էր, երբ դիմեցինք ՀՖՖ-ին, ու խնդրել էինք փոխել մրցավարին։ Ինչ տեղի ունեցավ հետո շատ հիասթափեցնող է։ ՀՖՖ-ն հայտարարեց, որ հետաքննությունն է սկսել, բայց չգիտեմ էլ՝ իրականում եղա՞վ հետաքննություն, թե՞ ոչ, քանի որ մեզ ոչ մի անգամ չկանչեցին, որևէ հարց չքննարկեցին մեզ հետ, իսկ հետո նրան վերադարձին Հայաստանի առաջնություն ու հիմա Արտակ Սիմոնյանը խաղեր է սպասարկում։
Եթե այս ամենը շարունակվի, մենք լրջորեն կմտածենք հաջորդ մրցաշրջանում առաջնությունից դուրս գալու մասին։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա չեմ կարծում, որ լավ միտք է՝ միջոցներ ու էներգիա ծախսել ու պայքարել ինչ-որ մեկի հետ ոչ թե դաշտում, այլ դրա սահմաններից դուրս։ Ավելի լավ է կենտրոնանանք մանկապատանեկան ֆուտբոլի վրա։
Կոչ եմ անում լսել մեզ ու ավելի լուրջ վերաբերվել ֆուտբոլին»,- ասում է Արթուր Սողոմոնյանն ու նշում, թե հայկական ֆուտբոլում նկատելի փոփոխություններ չի նկատում․
«Շոշափելի փոփոխություններ չեմ տեսնում։ Իհարկե, Հայաստանի առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել, ավելի շատ միջոցներ են սկսել ներդրվել մեր առաջնությունում, թիմերը շատ են ուժեղացել, բայց եթե մյուս կողմից նայենք․ ամենամեծ ներդրումները հիմա կատարվում են լեգեոներներ ձեռք բերելու ուղղությամբ։ Նայում ենք վիճակագրությանը ու տեսել ենք, որ այս տարի ավելի քիչ քանակությամբ հայ խաղացող է դուրս գալիս դաշտ հիմնական կազմում, քան՝ նախորդ տարի։ Չեմ կարծում, որ հայկական ֆուտբոլի համար սա լավ է»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

