Հուլիսի 1-ին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը և հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին:
«Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում:
«Ցավում եմ, որ որոշակի անբարեխիղճ քաղաքացիներ, օգտվելով հետպատերազմյան շրջանում պետությունում ստեղծված իրավիճակից միայն և միայն իրենց շահերից ելնելով, փորձեցին մեծ ծավալի ապօրինի շինարարության ընթացք տալ: Պետք է նշեմ, որ վարչական շրջանը՝ ի դեմս պարոն Մհրյանի, այնուամենայնիվ, մեծ պայքար է մղել դրա դեմ, և այս ամիսների ընթացքում միայն վարչական շրջանի ուժերով քանդվել է 34 ապօրինի շինություն, կազմվել է 60 արձանագրություն, բնականաբար, աշխատել են նաև քաղաքապետարանի կենտրոնացված ստորաբաժանումները, բայց քանակն այնքան մեծ է եղել, նաև օրենսդրական բացերի պատճառով, որ մենք ստիպված եղանք, այսպես ասած, «ծանր հրետանի» օգտագործել: Գործընթացը լինելու է շարունակական բոլոր վարչական շրջաններում՝ մինչ իրագործվեն կոնկրետ նպատակներն ու լուծում ստանան դրված խնդիրները»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանն աջակցության համար:
- Հայկ Մարությանը ստորագրել է Աջափնյակի ղեկավար Հայկ Մհրյանի աշխատանքից ազատման դիմումը
- Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Անդրադառնալով առկա խնդիրներին ու իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի ու երևանցու:
«Այս երկուսուկես տարվա ընթացքում, վստահ եմ, լավ գիտեք, որ ինձ համար գոյություն ունի միայն մի շահ՝ դա մեր հանրային շահն է, Երևանի շահը, բնակիչների շահը: Ուրիշ շահ չի կարող լինել, բացառվում է: Չկա մի մարդ, ես դա բազմիցս նշել եմ, որը կարող է ինձ դիմել ինչ-որ մի խնդրանքով, որը ծառայելու է այդ մարդու շահին և դեմ է լինելու երևանցիների շահին, և ես դա ապացուցել եմ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այնպես որ, ձեզանից ակնկալում եմ առաջնորդվել միայն ու միայն այդ կարգախոսով և այդ ուղով: Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործողության մեջքին, եթե այդ գործողությունը ի շահ Երևանի է: Խոսքը ոչ միայն Աջափնյակի մասին է, այլև ամբողջ Երևանի»,- ընդգծել է քաղաքապետը»: