Կառավարություն
23:30 28/06/2020

Քայլ դեպի տուն ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց:

«Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ : Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշեց, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից:

Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ կատարեց հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին:

Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն փոխանցեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ կատարեց նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը:

Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում էին սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ