2019 թվականի դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Հանդիպում-քննարկումը կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։ Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, անհատ քաղաքացիներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը նախ համառոտ ներկայացրեց «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագիծը՝ առանձին-առանձին անդրադառնալով ծրագրում ներառված ոլորտներին և հիմնադրույթներին:
Հանդիպման մասնակիցները օրվա բանախոսներին ուղղեցին տարաբնույթ հարցեր՝ կապված «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» ուղղությունների հետ: Հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկան ՀՀ ՏԶ խորհրդատու, ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի ղեկավար, Էկորիս-Նեդերլանդ ԲՎ Ռոբերտ Գրեյկոն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության տարածքային զարգացման և մոնիտորինգի բաժնի պետ Փառանձեմ Դարբինյանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը ներկաներին առաջարկեց՝ մանրամասն ծանոթանալ փաստաթղթին և մշակված ռազմավարական ծրագրի շուրջ ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք, ըստ կարևորության, հաշվի կառնվեն ծրագիրը վերջնական տեսքի բերելու ընթացքում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։