fbpx
Քաղաքականություն

Բա ինչո՞ւ չի խոցվել Արցախում վետերանների շենքը, ուր նստած էր Ռոբերտ Քոչարյանը․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը հակափաստարկներ է բերում Քոչարյանի հայտնած կասկածներին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս կասկածներ էր հայտնել, որ վերջին պատերազմի ժամանակ, երբ ամբողջ Ստեփանակերտը դաժան գնդակոծվում էր, ո՞նց եղավ, որ Արցախում նախագահական շենքի ոչ մի պատուհան անգամ չկոտրվեց.

«Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծությունների ժամանակ, որովհետեւ երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը»:

Նա համեմատել էր նախորդ պատերազմների հետ ու ասել, որ առաջ թիրախավորվում էին նախագահական շենքերը, իսկ հիմա, երբ Փաշինյանի յուրայինները նախագահականի բունկերներում էին, չգիտես ինչու, խնայել է թշնամին.

«Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը: Ինչո՞ւ էր հետաքրքրում ավելի շատ, օրինակ, Ջալալի գրասենյակը, երկու անգամ հարվածել են այդ գրասենյակին, ինչու էր հետաքրքրում Շուշիում Ղազանչեցոց եկեղեցին, կամ մեր հրամանատարական կետերը»:

Այս առնչությամբ «Առավոտը» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրել է՝ դուք դա ինչո՞վ եք բացատրում: Նա պատասխանեց. «Իսկ ինչո՞վ կբացատրեք այն բանը, որ Քոչարյանը դա ասելով՝ գտնվել է դիմացի մայթին գտնվող Վետերանների միության շենքում, բա այնտե՞ղ խի չի պատուհան կոտրվել: Կարո՞ղ է զուգադիպություն է»:

Մեր դիտարկմանը, որ հնարավոր է ինչ-որ շառավղով թիրախավորված չի եղել, բա Ղազանչեցոց եկեղեցին ինչո՞ւ էին թիրախավորում, նախագահականը թողնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այ ապրեք, բա մենք ամբողջ պատերազմի ընթացքում ասում էինք, որ մենք 5-րդ սերնդի գերճշգրիտ զինամթերքի հետ գործ ունենք: Բա ո՞նց է լինում, որ պարոն Քոչարյանը խոսում է դիմացի մայթի շենքի մասին, որտեղ նստած է կառավարությունը եւ ընդամենը 20 մետր հեռավորության վրա գտնվող Վետերանների միության, եթե չեմ սխալվում, երկրապահների շենքն է, ինքն էլ այնտեղ է նստած լինում, այդ շենքը խի՞ չխոցվեց, կարո՞ղ է զուգադիպություն է: Բա խի՞ չեք Քոչարյանին այդ հարցը տալիս, թե՞ Քոչարյանին հարմար է, որ ինքը յուրային ԶԼՄ-ների անդամներին նստացնում է, իրենք հարցը տալիս են, հարցին պատասխանում են, ասում է՝ այո: Բա այդ հարցը տվեք»:

Մեր դիտարկմանը, որ անգամ դա է տարօրինակ, թեկուզ վետերանների շենքն էլ հատուկ խոցած չլինեն, այստեղ ինչ-որ ծրագրի իրականացում բացառո՞ւմ եք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ ծրագիրը ով որ առաջ է քաշել, ինքը միգուցե շատ ավելի լավ այդ հարցի պատասխանը կիմանա: Ինչո՞ւ է ինքը խոսում մի շենքի մասին, որն իրենից ընդամենը 20 մետրի վրա է գտնվել եւ չի խոսում իր շենքի մասին: Բա կարող է այնտեղ խփեին, այնտեղ կպներ: Ցանկություն ունեին խփելու՝ չէի՞ն խփի: Բա ինչի՞ դրա մասին չի խոսում»:

Հարցին՝ դուք կասկածներ չունե՞ք դրա հետ կապված՝ ինչո՞ւ չեն խփել, ո՞նց չեն թիրախավորել այդ ռազմավարական օբյեկտը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես այնքա՜ն բանի հետ կապված կասկած ունեմ, դուք չեք պատկերացնի: Շա՜տ բաների կասկածներ: Ես համոզված եմ մի բանում՝ մենք շատ ու շատ անակնկալների ենք ականատես լինելու»: Երբ ասացինք՝ դուք եթե կասկածներ ունեք, կարող եք փարատել, ունեք լծակներ, այդ մենք ենք, որ հարցեր են առաջանում ու չունենք պատասխաններ՝ նա պատասխանեց. «Դրա համար ժամանակ է պետք եւ պետք են որոշ տեղեկություններ: Իրավապահները զբաղվում են: Կարծում եմ, կլինի ինչ-որ հանձնաժողով, որտեղ մենք բոլորս այդ կասկածները կփարատենք»:

Անդրադառնալով քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցերին՝ մենք հարցրեցինք՝ չե՞ք կարծում, որ հիմա արտահերթ ընտրությունները ձգձգելով՝ ի հայտ է գալու այլ ճանապարհներով իշխանափոխության հարցը՝ բռնության միջոցով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ նոյեմբերի 10-ին ի՞նչ արեցին, ընտրությա՞ն էին գնում կառավարութան շենք մտնողները»:

Մենք հորդորեցինք դա չխառնել այս իրավիճակին, որովհետեւ դա նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո անմիջապես արձագանք էր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ օրեր առաջ էլ էին Աժ-ի դիմաց հավաքվել, հրում էին, ուզում էին կառավարություն մտնել: Դիտարկմանը, որ ոչ մի կերպ հետքայլ չեն անում, ԱԺ-ում քննարկում են՝ մերժում են, դրա համար էլ սպառնալիքներ են լինում բռնության՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն, պիտի գան ինձ այստեղ սպանե՞ն: Որ հնարավորություն ունենան՝ կսպանեն՝ անկախ նրանից՝ մենք ընտրություն կանե՞նք, թե՞ չենք անի: Բերել, հանրությանը հասցրել են այս վիճակին: Հասցրել եք լրագրողներով, քաղաքական գործիչներով»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինանն առաջ Մերկելի հետ դուխով գնում էր Հյուսիսային պողոտա, քայլում էր մարդկանց մեջ, ձեզ պե՞տք է այս իշխանությունը, որ պետք է «զրահապատ վիճակներով» գնաք նույնիսկ Եռաբլուր՝ նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը այսօր էլ է դուխով քայլում: Ինքը երկրի ղեկավար է, որը պատերազմի միջով է անցել եւ պատերազմական իրավիճակը չի դադարել արդիական լինել»:

Աղբյուրը՝ Aravot.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ