Նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի
թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում
քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին,
անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու
համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական
ծրագրում ներառված այլ դրույթներ։
Այս մասին տեղեկացնում են ՔՈ մամուլի ծառայությունից։
Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի
անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է
սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով
մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է
Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա
ֆիզիկական անվտանգության համար պայքարելու իմաստ չի տեսնի»։
Իսկ կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանը Գավառում խոսել է արդեն երկրի
էկոլոգիական անվտանգության մասին, նշելով, որ իրենք Հայաստանը հումքային կցորդից
վերածելու են վերամշակող արտադրության, իսկ հետո՝ արդյունաբերական երկրի․ «Մենք դեմ ենք
նոր հանքերի բացմանը, հետևաբար կիրառելու ենք բոլոր հնարավորությունները՝ հանքերի
բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, որպեսզի քաղաքացին ապրի առողջ
միջավայրում և սահմանին կանգնած զինվորը պաշտպանի ոչ միայն հողը, այլ նաև
արժանապատիվ կյանք ունեցող մարդկանց»։
Քաղաքացու որոշում կուսակցության կարգախոսն է՝ զրո քվե ճգնաժամին։