«Վնուկովո-2» կառավարական տերմինալին են մոտեցել ավտոբուսներ, որոնցում, ենթադրվում է, ուկրաինացի բանտարկյալներն են: Այսօր տեղի է ունենալու ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակումը: Օդանավակայանին է մոտեցել նաև ինքնաթիռ՝ ուկրաինական դրոշով:
Բորիսպոլի օդանավակայան էլ մոտեցել են ավտոբուսներ, որոնցում ռուս բանտարկյալներն են: Ավելի ուշ «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս մեկ ուկրաինական ինքնաթիռ. ենթադրվում է, որ այն պետք է տեղափոխի ուկրաինացի դատապարտյալներին, իսկ Բորիսպոլում վայրէջք կատարած ինքնաթիռը՝ ռուսներին:
Ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակումը նախատեսված էր օգոստոսի 30-ին, սակայն անհայտ պատճառներով տեղի չունեցավ:
Հանրայնացվել է նաև դատապարտյալների ցուցակը. դրանում ՌԴ 12 քաղաքացիների անուններ են: Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ հայտնում են, որ պայմանավորվածության համաձայն՝ Ուկրաինայից ՌԴ է մեկնում 33 դատապարտյալ: