«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որևէ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիևը հայտարարել էր նաև, թե իբր «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:
«Հայտնի է նաև, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:
Իսկ, թե ինչ դիրքորոշում ունի ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ, Գրիգորյանի գրասենյակից ասացին, որ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի դիրքորոշումները չեն մեկնաբանում: