«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը հատեց եզրագիծը: Հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ընթացքում հայտարարվեցին այս տարվա անիմացիոն կինոտոնի հաղթող ֆիլմերի անունները:
Լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»:
Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»: Հատուկ հիշատակման արժանացան Բրունո Քոլեթի «Հիշարժան»-ը և Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիվը», առանձնահատուկ հիշատակման՝ Թոմաս Ռենոլդների «Չգիտեմ ինչ»-ը:
Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր անվանակարգում հաղթեց Նաթանիել Լիմի և Կլեմանց Մադլեն-Պերդրիլայի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը: Հատուկ հիշատակման արժանացավ «Բեղմնավորում. Քեթի + Ջեն»-ը (Moth Studio):
Ավարտական ֆիլմեր անվանակարգում լավագույն ֆիլմ ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Սաշա Վասիլևի «Ողջույն, սիրելիներս»-ը:
Երաժշտական հոլովակների անվանակարգում հաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Վերոնիկա Ստեփանյանի և Լուսինե Պետրոսյանի «Սերունդները երաժշտության մեջ»-ը:
Լավագույն հայկական անիմացիա՝ Լև Ատամանովի անվան մրցանակ, ստացավ «Քուչա»-ն (Yelling Studio):
Սփյուռքի լավագույն ֆիլմ ճանաչվեց Արսեն Արզումանյանի «Թռչունների բովը»:
Փառատոնի այս տարվա հյուր, ռեժիսոր Հյու Վելչմանին հանձնվեց Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը, որը տրվում է լավագույն գեղագիտական լուծում տված կինոյին: Այս մրցանակը «Վան Գոգի կրքերը» կինոնկարը շահել էր դեռևս 2017-ին: Ի դեպ, արարողության ժամանակ Վելչմանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր ապագա ֆիլմի կադրերը, որոնք որևէ այլ երկրում դեռևս չեն տեսել: Նշենք, որ Վելչմանը ստեղծագործում է նաև այլ նախագծի վրա, որտեղ պետք է օգտագործվեն նաև հանրահայտ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատկերները.այդ նպատակով նա հասցրել էր այցելել նաև Հայաստանի ազգային պատկերասրահ:
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, անցկացվեցին վարպետության դասեր, սեմինարներ:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը և իր «ՄարԱնի» հարթակը, Գյոթե կենտրոն Երևանի հետ համատեղ, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերին կազմակերպել էին հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ/քննադատություններ գրելու համար: Հյուր փորձագետն էր Կլաուս Լոսերը: «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ հայտարարվեցին լավագույն երկու հոդվածների հեղինակները: Մրցանակը ճանապարհորդություն էր 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք 27-րդ անիմացիոն կինոփառատոնին: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեցին Նանե Պետրոսյանը և Դավիթ Մանուկյանը:
Այս տարի վարպետության դասեր անցկացրին «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելչմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա) և այլք:
Փառատոնի շրջանակում իրականացվեց հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Ի դեպ, «Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, առկա էր կարմիր կլոր խորհրդանիշ:’
Փառատոնն այն զետեղել էր ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման: Փառատոնի ավարտին ցուցադրվեց Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիվը» և Գևորգ Մուրադի «Չորս գործողություն Սիրիայի համար» կինոնկարները: