Հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում բարձրացրել է Հայաստանում և աշխարհում քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների խնդիրը։ Նա ընդգծել է, որ անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում՝ Հայաստանում, և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվում են բիրտ հարձակումներ։
Ամստերդամը նշել է, որ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը չլռել և պաշտպանել կրոնական ազատությունները։ «Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը»,- ասել է նա։
Փաստաբանը նաև շեշտել է, որ կրոնական ազատությունների խախտումները պետք է դադարեցվեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած հատվածում։ Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։

