Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նշենք նաև, որ հունվարի 20-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 22-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 68 տրանսպորտային միջոց և 104 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

