Մարդկային հարաբերությունների մակարդակում որևէ բարդույթ չունեմ որևէ մեկի հետ սուրճ խմելու: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն:
Նրա խոսքով՝ երբ իշխող մեծամասնությանը համեմատել են նախորդ իշխանության հետ, այդ իշխանությանը ամենավատ ձևակերպումներն իրենք են տալիս:
«Այդ նույն իշխանության տեքստերով, նույն Դավիթ Հարությունյանի տեքստերով ԱԺ-ում երեկ նախագծեր էին մերժում: Դա է մեզ հիշեցրել նախկիններին: Ես կարող եմ կարոտել, եթե լինի իմ հարազատ ընկերը»,-ասաց նա։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե եթե կարոտել եք, գնացեք հետները սուրճ խմեք, Մարուքյանը հիշեցրեց, որ Ռուբինյանն ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում:
«Հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և խնդրել էր նրան, որ աջակցի, որ ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Դա վերջերս է եղել: Ինքն է խնդրել, որ ՀՀԿ-ականներն իրենց կապերով աջակցեն, որ այդ բանաձևը տապալվի: Լավ է արել, ի դեպ: Այսինքն լատենտ սուրճ խմող է, սուրճ խմողը ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունմ, բոլորի հետ էլ կարող եմ սուրճ խմել: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետև անհետաքրքիր է իր հետ զրույցը»: Ռուբինյանի հետ ինչի՞ց խոսես»,-ասաց Մարուքյանը: