fbpx
Աշխարհ

Ռուս-ուկրաինական լարվածության նոր պոռթկում

Ռուս-ուկրաինական առանց այն էլ լարված հարաբերությունները ավելի են սրվել։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Ուկրաինական նավերը փորձել են մուտք գործել Կերչի նեղուցի տարածք։ Ռուսական նավերը կրակ են բացել ուկրաինական նավերի վրա, ապա ձերբակալել նավերն ու անձնակազմերին։ Կիեւը հայտարարում է, որ ունի վեց վիրավոր։ Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել։ Ռուսները գործի են դրել իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Երեկ օրվա ընթացքում այս ամենը տեղի էր ունենում գրեթե չընդհատվող ուղիղ եթերի պայմաններում։ Ուկրաինան նախագահի եւ ԱԳՆ մակարդակով արդեն հայտարարություններ է տարածել՝ պահանջելով իրենց հանձնել իրենց նավերն ու նավաստիներին։ Մոսկվան իր հերթին հակադարձում է, կոչ անելով «Կիեւի Արեւմտյան հովանավորներին» խելքի բերել Ուկրաինային։ Մոսկվայում համոզված են, որ սադրանք է արվել միտումնավոր, նոր հակառուսական սանկցիաներ մտցնել տալու համար։ Ուկրաինական հասարակության մեջ տրամադրությունները հակասական են։ Շատ մասնագետներ սակայն կարծում են, որ ամեն բան այնքան էլ հարթ ու ուղղագիծ չէ։ Դեռ շաբաթներ առաջ ուկրաինական մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ Պուտինի բանագնացի եւ Պորոշենկոյի միջեւ «աչքից հեռու» հանդիպումներ են տեղի ունեցել։ Զարմանալի զուգադիպությամբ, հանդիպումների մասին հրապարակումներից օրեր անց կիրակնօրյա սադրանքն է տեղի ունենում։ Շատերը Ուկրաինայում տարբեր հարցադրումներ են անում, ինչպես օրինակ՝ արդյոք Կերչի նեղուցում տեղի ունեցածը ինքնաբուխ էր թե կանխամտվածված օպերացիա, որի նպատակը նախագահական առաջիկա ընտրությունները հետաձգելն էր։ Միջազգային հանրությունը դեռեւս չի արձագանքել կատարվածին։ Ամենից կարեւորը, դեռ չի լսվել ԱՄՆ արձագանքը, հատկապես, որ Ուկրաինան դիմել էր ԱՄՆ-ին ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու հայցով։ Ամերիկայում, ինչպես նկատում է հրեա քաղաքագետ եւ հոգեւորական Ավրաամ Շմուլեւիչը, ամեն բան այնքան էլ միագիծ չէ ու Թրամփը չէ, որ բոլոր հարցերը որոշողն է։Բայց եւ դժվար է ասել, օրինակ Վաշինգտոնը կհայտարարի արդյոք, որ Ազովի ծովում ազատ նավագնացություն է սահմանցում, կամ արդյոք իր ռազմանավերը կուղարկի դեպքի վայր։ Սակայն գայթակղությունը մեծ կլինի Թրամփի համար նման գործողությունների գնալու։ Չէ որ Մյուլլերի հետաքննությունն արդեն ավարտական փուլում է եւ ապացուցելու համար, որ ինքը Պուտինի դրածոն չէ, Թրամփը կարող է նոր առճակատում սկսել Ռուսաստանի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ