Երբ հայտնի է դարձել Սոչիում կայանալիք հանդիպման օրը, Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ։ Այս մասին factor.am-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։
Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էինք հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ և փորձելու ենք ունենալ արդյունքներ այս ուղղությամբ»,- նշել է նա:
Գրիգորյանը նաև ասել է, որ վարչապետը հայտարարել էր՝ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետի՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը. «Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ և փորձել լուծումներ գտնել»:
Հարցին՝ արդյոք ՌԴ-ը խոսք տվե՞լ է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետը, որը վերաբերում է ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնելուն, իրականանա, ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«Բանակցությունները ոչ թե խոստումների, այլ մոտեցումների քննարկում են։ ՀՀ-ը ներկայացրել է իր մոտեցումները և ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար, և ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ ուրիշ»,- նկատել է նա:
Դիտարկմանը՝ Հայաստանի տարածքից մոտ 130 ք/կմ օկուպացրել է Ադրբեջանը 2021-2022 թվականներին։ Ի՞նչ պատասխաններ է ստացել ՀՀ-ը ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից, որոնց գրավոր դիմել է ռազմական աջակցության խնդրանքով, Գրիգորյանն ասել է՝ պատշաճ արձագանք չկա ՀԱՊԿ-ից․ «ՀՀ-ի պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար»։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու, վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ը հրաժարվում է միջանցք տրամադրել, և փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։
«Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։