Քաղաքականություն
13:00 07/05/2020

Ռուստամ Բադասյանը Ազգային Ժողովում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ ամսի յոթին, Ազգային Ժողովում խոսել է հակակոռուպցիոն քաղաքականության և ապօրինի գույքի բռնագանձնման մասին՝ հայտարարելով՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին ձեռնարկվել են մի խումբ միջոցառումներ, որոնք շարունակվում են նաև 2020-ին, դրանցից են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մշակումն ու ընդունումը, իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը»:

«2019-ի հոկտեմբերին լայնամասշտաբ հանրային քննարկումներից, ներառական քննարկումներից և միջազգային փորձաքննություններից հետո կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարության այս ռազմավարությամբ հիմնական խնդիրը, որ լուծվել է, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման նախատեսումն է և այդ առումով գործողությունների հաջորդականությունը»-, նշեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ նախատեսվում է 2021-ին ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության գործառույթ պետք է ունենա, Գլխավոր դատախազության կազմում հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Հաջորդ խումբ միջոցառումներն ուղղված են եղել կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ: Ներդրվել է շահերի բախման հայտարարագրի ինստիտուտը:

Նախարարը խոսեց նաև իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին: Նա ասաց նաև, որ «Transparency international»  կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019 թվականի զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը մեկ տարվա ընթացքում բարձրացվել է յոթով: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ