Հունիսի 4-ին ԱԺ նիստի սկզբում, ԿԲ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Անդրադառնալով նրա բացակայության փաստին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց.
«Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և ես գտնում եմ, որ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունը, նրա բացակայությունն արհամարհանք է»:
Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ պետք է խիստ գնահատականներ տալ, ձեր հետ համաձայն եմ, որ պետք է ներկա գտնվի, չծայրահեղացնենք, համացանցով կարելի է ելույթները նայել, արձագանքել, ընդունելի է ձեր ասածը»:
Դիտողությանը միացավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նա էլ ասաց.
«Պարո´ն Սիմոնյան, ես միանում եմ, Էդմոն Մարուքյանի դիտողությանը, սա շարունակական վերաբերմունքի պատճառ է, բազմաթիվ առիթներ ենք ունեցել շփվելու ԿԲ-ի հետ ու ստացել նման վերաբերմունք, սա իսկապես վիրավորական է ԱԺ-ի նկատմամբ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արթուր Ջավադյանը կգա և կպատասխանի, հաջորդ ելույթը չսկսված՝ դահլիճ մտավ Արթուր Ջավադյանը:

