Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հերթական նիստն էր:
Նշենք, որ Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ 2018թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ գործն ուղարկվել էր նոր քննության:
Այսօր հերթական նիստի ժամանակ ընթերցվել են գործում առկա փաստաթղթերը: Ընթերցումը Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կողմից մի քանի անգամ ընդհատվել է: Սամվել Բաբայանի պահանջն այն էր, որ զինամթերքի մասը փաստաթղթերում ներկայացվում է զենք: Իսկ Գաբրիելյանի վրդովմունքի պատճառը արձանագրությունների ընթերցման տևողությունն էր.
«Պարապ ականջ չունենք, հորինած բաները լսենք, արդեն սիրտ վատացավ»:
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 17-ը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետությունում իր հաշվառման խնդրին` նշելով, դատի է տվել ոստիկանությանը՝ իրեն հաշվառումից հանելու համար:
Դատը տեղի է ունենալու մայիսի 23-ին՝ Ստեփանակերտում: Մինչ այդ Բաբայանը պատրաստվում է ստորագրահավաքի: