Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նպատակով փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը:
«Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ:
Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել ՀՔԾ:
Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Ազատ արձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով: