ՍԱՏՄ-ն կասեցրել է գինու և պահածոների արտադրամասերի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ պաշտոնական կայքից։

«Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի եղել:

Նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաև ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Նաև՝ պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում:

«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ