Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչև 18 տարեկանների ամուսնությունների վրա: Այդ մասին օրերս հայտնել է Saudi Gazette-ը։
Նախարար Վալիդ աս Սամաանին արգելքի վերաբերյալ ծանուցում է ուղարկել բոլոր դատարաններին: Այժմ 18-ից ցածր տարիքում ամուսնանալու համար կպահանջվի հատուկ դատարանի վճիռը, որը կպարզի՝ ամուսնությունը համապատասխանում է արդյոք դեռահասի իրական շահերին, և այն չի վնասի արդյոք ամուսնացողներին:
Այս տարվա հունվարին թագավորությունում արգելել են 15-ից ցածր տարիքի երեխաների ամուսնությունը: Մինչ այդ նվազագույն ամուսնական տարիքն ամրագրված չէր երկրի օրենքներում:
Դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիան Ճապոնիային փոխարինել է G20-ի նախագահի պաշտոնում: Նրա ներկայացուցիչները պետության գերակայությունների թվում նշել են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը և կանանց իրավունքների պաշտպանությունը:
Համաշխարհային տնտեսական համաժողովի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիան սեռերի հավասարության ցուցանիշով 141-րդ տեղն է զբաղեցնում 149 երկրների թվում: