Սեմինար-խորհրդակցություն՝ ՔՊ հարցերով պատասխանատուների համար

Հրապարակող՝

ագն

Հուլիսի 4-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի դահլիճում ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների կողմից կազմակերպվել էր քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով սեմինար-խորհրդակցություն: Միջոցառմանը մասնակցում էին 37 պետական գերատեսչության քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատու աշխատակիցները:

Սեմինար-խորհրդակցությունը վարում էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը:

Միջոցառման սկզբում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության զորահավաքային բաժնի պետ Արտակ Հարությունյանը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ունեցած ներդրման համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» շքանշանով:

ՃԿՊԱ ռեկտորը իր բացման խոսքում և դրան հաջորդած ելույթում մանրամասն ներկայացրեց քաղաքացիական պաշտպանության համակարգում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգման հարցերը:

Անկաշկանդ և բաց մթնոլորտում կայացած քննարկման ժամանակ մատնանշվեցին այն ուղիները, որոնք թույլ կտան քաղաքացիական պաշտպանության ծառայություններին ավելի իրատեսական հիմքերի վրա դնել իրենց առջև դրված խնդիրների կատարման գործընթացը և, միևնույն ժամանակ, խուսափել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած շտամպային մոտեցումներից:

Քննարկման ընթացքում նախանշվեցին պաշտպանական կառույցներին ներկայացվող պահանջները, արտակարգ իրավիճակներում գործելու պլաններում նախատեսվող փոփոխությունները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրականացված քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքներով ի հայտ եկած թերությունները և դրանց շտկման ուղիները:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան տարհանված բնակչության տեղաբաշխման վայրերում ՔՊ առևտրի, սննդի և ՔՊ նյութատեխնիկական մատակարարման ծառայությունների կողմից բնակչությանը սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման հարցերը, ՔՊ մարզային կապի ծառայության կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները:

Միջոցառման մասնակիցները հանդես եկան նաև մի շարք գործնական առաջարկություններով: Մասնավորապես առաջարկվեց ՀՀ պետական և կառավարման մարմինների բյուջեներում առանձին տողով ներկայացնել ԱԻ և ՔՊ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ գումարները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ