fbpx
Կրթություն

Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից

Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր:

Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը:

Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ, այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Նախնական տվյալներով՝ մարզի դպրոցներ կհաճախեն 3100 առաջին դասարանցիներ:Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների համայնքների դպրոցների տնօրենները մարզկենտրոնից ավելի քան 20 կմ հեռու Նոր Կյանք գյուղ էին հասել: Դժգոհում էին, բայց խորհրդակցության անցկացման վայրը Գյումրիից գյուղական համայնք տեղափոխելը այլ բնակավայրերի հանդեպ ուշադրության կենտրոնացումն էր, և այն շարունակելի է լինելու, որի մասին հայտնեց Շիրակի մարզպետը:

Տիգրան Պետրոսյանը, խոսքն ուղղելով տնօրեններին, մատնանշեց դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտը, այդ թվում՝ մանկավարժական հանրույթներում տիրող ներքին խնդիրները: «Ցավոք, տարիներ շարունակ մտածել եք, թե ով պիտի լինի տնօրենը, փոխտնօրենը, ում և ոնց դարձնենք ուսուցիչ, ում և ոնց պահակ կամ ջեռուցում ապահովող, էս դարձել էր թիվ մեկ մոտեցումը դպրոցներում: Մենք էս մոտեցումից հրաժարվելու ենք, էս մոտեցումը փակուղի տանող մոտեցում է»,- խորհրդակցության մեկնարկին տնօրեններին է դիմել մարզպետը։ Մարզի մի քանի դպրոցների նկատմամբ հարուցված քրեական գործերը ևս հանրակրթության ոլորտում տիրող մթնոլորտի հետևանք են, որոնց անդրադառնալով՝ մարզպետը նաև շեշտեց, որ իրենք շարունակելու են չխառնվել դպրոցներում կադրերի ընտրության գործընթացներին: Խորհրդակցության հնչած դիտողություններից ու կարծիքներից հետո անցում կատարվեց այս տարվա փոփոխություններին: Դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներ ու բանաձևեր են կիրառվելու 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ դրանց ծանոթանալ պետք է այսօրվանից: «Նոր բանաձևով՝ ֆինանսական մեծ արտոնություններ են տրվում դպրոցներին, հաշվարկները բավականին բարդ են լինելու՝ հօգուտ դպրոցների»,- փոփոխությունների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Փոփոխություններ են լինելու կոնկրետ Շիրակի մարզի դպրոցների ջեռուցման նպատակով ֆինանսավորման մեջ: Հաշվի է առնվել նաև այն, որ մարզի 164 դպրոցներից 18-ը ջեռուցվում է հեղուկ վառելիքով:

«Հայաստանում ջեռուցման ծախսերը հաշվարկվում են նույն կերպ, սակայն մեր առաջարկներից հետո Շիրակի մարզում դպրոցների ծախսերն առանձնահատուկ հաշվարկներով կկատարվեն, որովհետև ունենք հեղուկ վառելիքով ու հոսանքով ջեռուցվող դպրոցներ, նաև հաշվի է առնվել մարզի երկարատև ձմռան հանգամանքը»,- պարզաբանել է Լիպարիտ Մարտիրոսյանը։

Մարզի դպրոցների համար համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը ևս ֆինանսավորման կարգն ու հաշվարկն է փոխել։

«Էն ճանապարհածախսի 200 դրամները էլ չկան, սննդի գումարը մոտ 790 դրամ չկա, սրանք դուրս են գալիս: Եթե երեխան տեղափոխման խնդիր ունի դուք իրեն ձեր դպրոցի որոշմամբ տրամադրում եք որոշակի գումար, եթե երեխան ձեր դպրոցի կողքի շենքում է ապրում և իրեն գումար պետք չէ տեղափոխման համար, դուք գումար չեք տրամադրում»,- նոր կարգն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։

Խորհրդակցության վերջում եկավ տնօրենների համար ամենասպասված լուրը հայտնելու պահը: Խոսքը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին էր: Հետաքրքրվեցին՝ արդյոք ֆինանսական հաշվարկներն արդեն կատարված են։

«Բոլորիդ նախահաշիվներում մենք արդեն հաշվարկները կատարել ենք, 10 տոկոսի չափով հաշվարկները կատարված ներկայացված է Ֆինանսների նախարարություն, և գումարները 10 տոկոսից էլ շատ կավելանան: Մարզի մանկավարժների միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ, սա բոլոր մարզերի միջին աշխատավարձների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է»,- տեղեկացրել է Լիպարիտ Մարտիրոսյանը։

Ոստիկանության տարածաշրջանների անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժինների տեսուչներն էլ վերջում Շիրակի մարզի դատախազից հանձնարարականներ ստացան՝ հետևողական աշխատանք տանել ռիսկային խմբերի աշակերտների հետ, իսկ դպրոցների տնօրենները պետք է հետևեն բոլոր բացակայություններին։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ