fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նարեկ Սարգսյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանն ասաց, որ գումարն արդեն փոխանցված է և Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։

Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, սակայն համավարակով պայմանավորված՝ բժշկական կենտրոն դեռ չի տեղափոխվելու։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից։

Նշենք, որ այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ