Armtimes.com-ը գրում է․
«Սերժ Սարգսյանն այլևս Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:
ԵՎ չնայած հեղափոխությունից և իշխանափոխությունից անցել է արդեն ութ ամիս, անուամենայնիվ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը դեռ չի փոխվել։ ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդի անդամներ են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը և այլք։ Այս կազմը հաստատվել է 2015 թվականին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Քանի որ վերջին շրջանում նիստ չի եղել, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին դեռ միայն բանավոր է հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։
ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ անհայտ է, թե երբ է տեղի ունենալու խորհրդի հաջորդ նիստը, քանի որ այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀ վարչապետի կողմից խորհրդի նոր կազմի հաստատումից հետո։ Իսկ խորհրդի կազմը չի կարող նախկինը լինել, որովհետև դրա անդամների մի մասն ընդգրկվել էր խորհրդի կազմում կամ ի պաշտոնե, կամ անձնական համաձայնությամբ, իսկ այդ պաշտոնները, փաստորեն, հեղափոխությունից հետո այլևս չկան։
ԵՊՀ-ում առաջացել է ճգնաժամային իրավիճակ․ առանց հոգաբարձուների խորհդրի նիստի համալսարանը ֆինանսական որևէ գործարք չի կարողանա կատարել։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեր զրույցում ասաց, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի փոխանցմամբ՝ եթե նիստ տեղի չունենա, Երևանի պետական համալսարանը կհայտնվի անելանելի իրավիճակում, քանի որ առանց խորհրդի նիստի՝ հունվարի 8-ից ԵՊՀ-ն չի կարողանա նույնիսկ աշխատավարձ և ուսանողական թոշակ վճարել։
ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմերի վերանայման գործընթացն արդեն սկսված է, հունվարի վերջին՝ նոր կառավարության ձևավորումից հետո կփոխվի նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի կազմը․
«Խորհուրդը կձևավորվի, ֆինանսական գործարքները կկատարվեն։ Կարծում եմ՝ այդ մի քանի օրն էականորեն չի խանգարի։ Մինչև հունվար ամսվա վերջը հարցը կկարգավորվի, վարչապետը կհաստատի խորհրդի նոր կազմ։ Գործընթացները սկսված են, այս պահից սկսած՝ բուհերն ուղարկում են իրենց թեկնածուների անունները»,- հայտնեց ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետը»: