fbpx
Իրավական

Սերժիկի ժամանակի հերոսը դեռ աշխատում է ՀՔԾ-ում. Լևոն Բարսեղյանի պատմությունը

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այն վերնագրելով Մի հերոսի պատմություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երբ անցած տարի ապրիլի 16-ին՝ Լևոն Երանոսյանի կորդեբալետի օրը, որ ՍԴ դիմաց Բաղրամյան պողոտայում ոստիկաններին հանեց ցուցարարների դեմ, լուսաձայնային նռնակներ նետել տվեց ցուցարարների վրա՝ մարմնական վնասվածքներ պատճառելով տասնյակ ցուցարարների, հետո հակագազեր հագցրեց ոստիկաններին և ուրորէ գազային գրոհի էր անցնելու, բայց ուժը չպատեց, թե շունչը հերիք չարեց, ես էդ կռիվների ու հրմշտոցների մեջ, մի 15 հոգու հետ հայտնվել էի փշալարեր փռող ավտոմեքենայի ոստիկանական կողմում, համարյա ՍԴ ավտոկայանատեղիի մոտ, ու ոստիկանների հարայ հրոցից, սև դիմակավորների հարվածներից հետո ստիպված էի նույն 15 հոգու հետ նահանջել, փշալարեր փռող ավտոյի վրայով անցնել աջ տան պարսպի վրա, որովհետև ավտոմեքենան խիստ կիպ էր կանգնել պարսպին, երբ տեսա, որ այդ տան բակում վիրավորներին, արյունլվիկ, հիմնականում, ջահելներին առաջին օգնություն էին ցույց տալիս մյուս ցուցարարները, տեսա, որ շատերը կատաղել էին ինձնից ոչ պակաս ու եռինտեգրալ հայհոյանքներ էին տեղում նռնակներ նետողների, դրանց հրաման տվողների ու հրաման տվողներին հրաման տվողի ծնողների հասցեին, մեկ էլ տեսնեմ՝ նույն պարսպի վրա, հենց իմ կողքին, մի երիտասարդ, բերանում շատ արժանավայել հայհոյանք, ձեռքի ամբողջական աղյուսը թափով վրա է բերում, որ շպրտի գեներալիսիմուսի ուղղությամբ, զի մեզ լավ տեսանելի էր քրտնփչած պարոնը իր մանկլավիկներով, բնազդով, թե ինչով, երիտասարդի ձեռից արագ խլեցի աղյուսը, դրեցի ցած, հենց ոտիս տակ, չգցեցի բակի կողմը կամ մայթին, որովհետև բոլորն էին կատաղած ու անպայման մեկն առնելու էր, նորից շպրտեր ոստիկանների վրա մեր գլխի վրայով, մտքովս չէր անցնում, թե ինձ ինչ մեղադրանք են ներկայացնելու 5 օր անց: Այդ աղյուսները նույն բակի նորատունկ ծառերի ջրափոսերի եզրաշարերից էին հանված՝ նկատեցի:

Հինգ օր հետո սերժիկի մենթերը, որ հիմա բարեհաջող կերպով աշխատում են դեռ Շիրակի մարզային վարչությունում՝ Վահրամ Ենգոյան անվամբ՝ վարչության պետի տեղակալ պանծալի, ու «Կումայրի» բաժնում՝ Արթուր Հակոբյան անվամբ, բաժնի պետ փառապանծ, ինձ Գյումրու կայարանի մոտից առևանգեցին, չասելով՝ ինչու և ուր են տանում, ինչ հիմքով, թույլ չտալով, որ զանգեմ փաստաբանի, չներկայացնելով իմ իրավունքները, այսինքն առևանգեցին իսկապես, մի քանի ավտոյով պտտեցին Նիկոլի անցած ճամփեքով՝ Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան, երևի այնքան, որ մութն ընկնի, ու Երևանի հանրահավաքին չմասնակցեմ ապրիլի 21-ի, հասցրին Վաղարշյան խոհրդանշական փողոցի այն շենքին, որ հանրահայտ է ավելի քան՝ Հատուկ քննչական ծառայություն, ուրեմն ու այնտեղ ես տեսա իմ հերոսին, որի մասին որոշեցի պատմել հիմա ձեզ:

Անունը Վազգեն էր, ազգանունը Ավետիսյան, ներկայացավ որպես ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, հետո իմացա, որ նաև արդարադատության առաջին դասի խորհրդական է, դա չգիտեմ ինչ է նշանակում, արդարև: Պատին, բնականաբար, սերժիկի ամենասերժաբարո նկարներից էր, որը հանեց ապրիլի 23-ի ետկեսօրին, բայց մեխը պահեց, ավելի ուշ տեսել եմ: Պարոն Ավետիսյանը համբերատար կերպով ու անհուն քաղաքավարությամբ սկսեց բացատրել, որ ես զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու գործով կասկածյալ եմ: Դա միակ ընդհանուր գործն էր, որով անցնելու էին երևի մի հիսուն հոգի: Հարցրեցինք՝ ինչու, թե բա գործում մանրամասն կա նկարագրած, երկար-բարակ զրույցից հետո ասաց, որ առայժմ ազատ է արձակում ստորագրությամբ՝ շատ հեռու չգնալու մասին: Ելանք կեսգիշերին: Հաջորդ օրը Նիկոլ-սերժիկ բանակցություններն էին Մարիոտում նշանակված: Հաջորդ օրը Արցախի պողոտայում բռնեցին տարան Շենգավթի ոստիկանատուն, հետո, երեկոյան բերեցին նույն մեծարգո պարոնի մոտ: Մարդը քաղաքավարությամբ և փաղաքշանքով բացատրեց.-Ձեր կարգավիճակն արդեն փոխվել է, Դուք արդեն մեղադրյալ եք այդ գործով,- աչքալուսանքի պես հնչեց, և, միջնորդում է դատարանին, որ ինձ կալանավորեն երկու ամսով: Պաշտպաններս՝ Հայկուհին ու Արաքսն էլ էին ներկա, խնդրեցինք բացատրել, թե այդ ինչ անմարդկային մեղքեր եմ գործել սերժապետության դեմ հանդիպակաց: Մարդը բացեց գործը, ներկայացրեց մեղադրանքների դրվագները, ապա դրա հիմքում ընկած տեսագրությունը aysor.am-ի և մեկ այլ կայքից: Խնամքով գրել էին իրենց դիտարկած վայրկյանները և իմ «հանցավոր» գործողությունները:

Գործողություն 1.
Լևոն Բարսեղյանը քաշքշել է ոստիկանի մահակը, փորձելով այն խլել ոստիկանի ձեռքից, վայրկյանը նշված է: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել տեսագրության մեջ՝ տեսնենք, ես նման բան չէի հիշում, կարծեցի, թե արել եմ նման բան, մարդ ես, կարող է ծեծում էին, ես էլ մահակը բռնել եմ: Նշված վայրկյանը բացում են տեսագրության մեջ: Երբ Նիկոլը փորձում է անցնել պատնեշն այն կողմ, ոստիկանները գեներալիսիմուսի հրամանով վրա են գալիս, մեր և ոստիկանների արանքում երկաթե պատնեշներ կային, ես դրանցից մոտ 2-3 մետր ետ էի, այդ պատնեշները երկուստեք օդ են հանում առաջին շարքերում կանգնածները և քանի որ ոստիկանների թափն սկզբում մեծ էր, այդ պատնեշները գալիս են ցուցարարների վրա, պատնեշներն էլ հորիզոնադիր ոտնակներ ունեին, դրանցից մեկի ոտը քանի գնում, գալիս է գլխիս ուղղությամբ, մի 3 վայկրկան բռնում եմ այդ պատնեշի ոտնակը, ու, երբ ետ է գնում պատնեշը, որը բոլորի գլխավերևին է, ես թողնում եմ ոտնակը: Իրենց նշած վայրկայնը համընկնում է ոտնակը բռնելուս վայրկյանների հետ: Հարցնում ենք՝ ո՞ւր է ոստիկանի մահակը: Ինքն ու իր ենթակաները ետուառաջ են անում տեսագրությունը, տեսնում են, որ ես ոչ մի ոստիկանի մահակ չեմ բռնել ու, մանավանդ, քաշքշել: «Երևի սխալվել ենք», մրթմրթում են:

Գործողություն 2.
Լևոն Բարսեղյանը քարեր է նետել ոստիկանների վրա: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել տեսագրության մեջ՝ տեսնենք, ես նման բան չէի հիշում: Նշված վայրկյանը բացում են տեսագրության մեջ: Եվ պարզվում է, որ այստեղ առաջին պարբերության մեջ նկարագրածս դրվագն է, օպերատորը մարդավարի նկարել է. բոյով մեկ երևում ենք, մինուս 12-ից պլուս 12 տեսողությամբ մարդը կարող էր զանազանել, որ ես կողքիս ջահելի ձեռից օդում որսում եմ աղյուսը, դնում եմ պարսպին՝ ոտներիս տակ: Իրենց նշած վայրկյանը համընկնում է աղյուսը խլելու և ոտներիս տակ դնելու վայրկյանի հետ: Հարցնում ենք՝ ո՞ւր է իմ քար կամ աղյուս նետելու դրվագը: Ինքն ու իր ենթակաները ետուառաջ են անում տեսագրությունը, տեսնում են, որ ես ոչ մի քար չեմ նետում: «Երևի սխալվել ենք», մրթմրթում են:

Գործողություն 3.
Լևոն Բարսեղյանը հրել է ոստիկանական պատնեշը, ինչը զանգվածային անկարգություն է: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել, սիրտս լավ բան է գուշակում: Բացում են, իսկապես, ոստիկանների առաջին շարքերը սաղավարտավոր, մահակավոր և վահանավոր, գրոհում են ցուցարարներին ու ես շատ ուրիշների պես ձեռներս դեմ արած երկու ոստիկանների երկու վահաններին, հրում եմ, առնվազն պահում եմ, որ առաջ չկան: Վազգեն Ավետիսյանն ուրախանում է, «ահա՝ տեսա՞ք, որ այստեղ չենք սխալվել» իմաստով: Ասում եմ՝ իրավացի եք, բայց շարունակությունը նայե՞լ եք: Թե բա՝ ինչ կա՞ որ, ասում եմ՝ դե նայած պտի լինեք, Ձեզ հետաքրքիր չէ՞ ինչ է լինում հետո: Բա թե՝ նայենք, 5 վայրկյան հրում եմ, հետո կռանում եմ, տեսադաշտում չկամ, հետո մեկ էլ պարզ երևում է, որ կանգնում եմ՝ հետս սաղավարտավոր մի ոստիկան: Բացատրում եմ, որ ոստիկանական պատնեշը գետնով էր տվել իր շարքերից մեկին, կամ ընկել էր մարդը, ու քանի որ ծանրաշարժ էր, չէր կարողանում ինքնուրույն ելնել էդ հրմշտոցի մեջ, ու ես տեսա, որ իրենց գործընկերոջ վրայով են առաջ գալիս ոստիկանները, իրենք էլ չնկատելով, որովհետև սաղավարտը, զարհաբաճկոնն ու վահանը քթի տակի տեսադաշտը շատ լուրջ էին փակում, իսկապես չէին տեսել, որ ելել են իրենց ընկերոջ վրա, ու այդ հարայհրոցի մեջ դա շատ բնական էր: Ես դա դեպքի վայրից հիշում էի, որ ահագին ջանք դնելով հրեցի ոստիկաններին, կռացա, հանեցի ընկած ոստիկանին ու բառացիորեն տվեցի իրենց, երևի փրկվեց, կամ կարող է բան էլ չլիներ, անցնեին-դառնային վրայով ու ողջ մնար: Ինքն ինձ պիտի որ հիշի, կլիներ մի 60 կիլանոց բարակ տղա: Հարցնում եմ՝ տեսա՞ք պարոն քննիչ: Թե բա տեսա: Բա ինչու մինչև վերջ չէիք նայել …

Գործողություն 4.
Լևոն Բարսեղյանը մեկ այլ տեսագրության մեջ, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալիս ասել է.«Ժողովուրդ, պատրաստ եղեք դիմակայության, պատրաստ եղեք կռվի, պայքարի և անձնազոհության»: Ասել էի իսկապես: Սա ՀՔԾ Վազգեն Ավետիսյանը մեկնաբանել է որպես զանվածային անկարգությունների կազմակերպում, մանավանդ կառչել է «կռիվ» բառից: Դե անիմաստ էր բացատրել խոսքի և արտահայտման ազատության նրբությունները այնպիսի մեկին, ում պատին սերժիկի սերժաբարո նկարներից մեկն էր մեծադիր, ու, որ չի հասկանում, որ քարը խլել, գետնին նետելը լրջորեն տարբերվում է քարը ոստիկանների վրա նետելուց, որ չի զանազանում ոստիկանի մահակը երկաթե պատնեշի ոտնակից: Քանի հարյուր տարի է պետք բացատրել այդպիսի մեկին, որ Մարտի մեկի հեղինակներից ամեն ինչ սպասելու զգուշացումը անկարգության կազմակերպում չէ: Հո չեմ բացատրելու, որ եթե ես ուզենայի ոստիկան ծեծել, չէի գալու 30 տեսախցիկի առաջ այդ անեի օրը ցերեկով:

Վերոհիշյալ մանրամասները գործում կան, իհարկե, կասկածողները կարող են համոզվել:

Մեղադրանքի ապացույցները այսպիսով սպառվեցին: Առաջարկում ենք էդ հիմարությունները մեղադրանքից հանել, շտկել, խայտառակ չլինել «երևի ուշադիր չենք եղել» հիմարություններով: Ասում եմ, ձեր անուշադրությամբ, իբր անուշադրությամբ, խաբա՞ր եք, որ 5-13 տարվա հոդված եք նկարել: Անհողդողդ են մնում, թե բա թող դատարանը պարզի: Այսինքն փակել են ուզում, պապան է պատվիրել ուրեմն: Մի անգամ էլ ենք բացատրում, որ մեղադրանքը կեղծ է, շինծու, իսկ դա քրեական հացագործություն է, ասում են՝ չէ, թող դատարանը որոշի: Վերջը դատարանում հաջորդ օրը ամբողջ այդ տեսագրությունները զննում է, լսում է այն ամենը ինչ այստեղ կարդացիք, իր աչքով դատավոր աշխատող Արտուշ Գաբրիելյան տոեսիմինչը, հարմար բառ չեմ գտել դեռ: Նայում-տեսնում-համոզվում է, որ գործը շինած է, ու որոշում է ինձ կալանավորել, երկու ժամից սերժիկն ասում է. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» ու փասափուսեն հավաքում, գնում է տուն: Նույն օրը կեսգիշերին Նուբարաշենի բանտ է գալիս ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ավետիսյանը, բերում է մեր ազատականները, ստորագրել է տալիս, որ հեռու չենք գնալու և մեզ բանտից ազատում են: Շատ խոցված էր և տխուր և վշտացած էր կարելի է ասել, սրտին բահով խփեիր՝ արյուն չէր գա: Բոլորին աչքալուսանք եմ տալիս, իրեն ցավակցում եմ, քթի տակ ասում է «հա», ես չեմ հասկանում էդ ինչ է նշանակում, ու հրաժեշտ ենք տալիս:

Կինոն այստեղ չի ավարտվում: Երկու ամիս դատարաններում վիճարկում ենք ինձ կալանավորելու Ապուշ Գաբրիելյանի որոշումը, գտա, վերջը վերաքննիչը որոշում է, որ այդ որոշումը անհիմն և անօրինական է եղել: Այդ նիստերի ընթացքում Վազգեն Ավետիսյանի առաքյալ մի քննիչ է ներկայացնում ՀՔԾ-ն, ու մարդը հունիս-հուլիսին արդեն, դատարանում այնպիսի ժրաջանությամբ ու համառությամբ է պաշտպանում Ապուշ Գաբրիելյանի որոշումը, որ մտածում եմ, թե ինձ նորից են փակելու հիմա, ասես դեռ ՀՔԾ պապան սերժիկն է, Գորիկն էլ հարություն է առել, սավառնում է ՀՔԾ կաբինետներում, և Վազգեն Ավետիսյանի կաբինետում մի քիչ երկար է մնում … հավանում է երիտբերիային ուրեմն:

Վազգեն Ավետիսյանը իսկական հերոս է, իսկապես, ճիշտ է սերժիկի ժամանակների հերոս է, բայց հերոս է, էսօր միամիտ հիշում եմ ու առանց էսկողմ-էնկողմ ընկելու մտածում եմ՝ մտնեմ ՀՔԾ կայքը, նայեմ դեռ այնտեղ է՞, թե՞ այլևս հրաժարական է տվել, ներողություն է խնդրել իր զոհերից ու հանիրավի մեղադրյալներից, դատվածներից, բանտարկվածներից ու գնացել է խոզաբուծությամբ կամ հավաբուծությամբ է զբաղվում գուցե, դե մարդ են, կարող են սխալվել, կարող են մեղա գալ և ապաշխարհել… Պարզվում է հերոս է, հերոսաբար մնացել է իր պաշտոնին: Ասես բան էլ չի եղել, ասես անձվեր է գալիս արդեն 15 ամիս:

Այս հերոսը դեռ աշխատում է ՀՔԾ-ում, երևակայել կարելի է միայն, թե ինչ գործեր է քննում հիմա, ում վրա է կեղծ մեղադրանքներ շարում, ում է ղրկում դատարան կալանքի: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե որևէ մեկն ասի՝ Վազգեն ջան, դու ուշիմ մարդ ես, ընդունակ ես, մի հատ գործ սարքիր էսինչի վրա, կանի՞, թե՞ չի անի: Կարող է՞ ասի, այլևս երբեք, մենք արդեն նոր Հայաստանում ենք ապրում, ՀՔԾ աշխատողին վայել չէ նման բաներ անելը … Չխնդաք: Նույնիսկ չքմծիծաղեք: Ուշադրություն դարձրեք. խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը գործ էր սարքում կեղծ ապացույցներով:

Ես հարյուր պատմություն գիտեմ, որ իմից բեթար է, իմը թեթև բան է, այլանդակ պատմություններ այն մասին, թե ինչպես են անմեղ մարդկանց հանցագործ սարքել: Դրանք շատերդ գիտեք, միայն այդ մի քանի հարյուր հոգին հատկապես ու մանրամասնությամբ գիտե, թե ինչպես են իրենց հանցագործի պիտակ կպցրել անմեղ տեղը: Ես իմը պատմեցի մանրամասնությամբ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է աշխատել բերիաների սերժաբարո մեքենան:

Հիմա առաջ նայենք: Պատասխան գտեք էս հարցերին. քանի՞ վազգենավետիսյան կա Հայաստանում, քանի այդպիսի դատախազ, քննիչ, ոստիկան, դատավոր կա և այլն: Քանի՞սն են ներողություն խնդրել, քանի՞սն են հրաժարական տվել հեռացել այդ համակարգից ու հանրային կառավարման ոլորտից, դեռ ինչքա՞ն ժամանակ են դրանք աշխատելու այդ համակարգերում, ո՞վ է դրանց քննազտելու, ինչպես, ինչ մեխանիզմով են դրանք հրաժարեցվելու այդ պաշտոններից: Այդ արարքները արդյո՞ք ներելի են, հանրությունը կարող է՞ համարել, որ մեղքը չընդունողը պիտի ներվի, կամ ներելը ուղղո՞ւմ է արդյոք այն մեղքերը, որ գործել են դրանք: Կա՞ ռիսկ, որ դրանց պահպանումը իրավապահ և հանրային կառավարման այլ ոլորտներում կործանելու է բարեփոխումների հնարավոր և լավագույն ծրագրերը: Բարեփոխումներ այս համակարգում այս մարդկանց ներկայությամբ հնարավո՞ր են ընդհանրապես: Այս պարբերության մեջ իդեալիզմ ու, մանավանդ, լիրիզմ փնտրողները չարաչար սխալվում են, ինձ լավ չեն ճանաչում: Ես անձնապես փաթթած ունեմ այդ սորտի պետական ծառայողներին, անձամբ ինձ վաղուց ոչ մի վնաս տալ հնարավոր չէ, նստող էլ եմ, գնդակահարող էլ եմ, գնդակահարվող էլ եմ: Ես վարորդության հսկա փորձի պատճառով վարժվել եմ մարդկանց դեմքին չնայելով խոսել հետները, կարող է Վազգեն Ավետիսյանն ու դրա նմանները ճամփին օգնություն խնդրեն, իջնեմ, անիվն էլ փոխեմ, բուքսիր էլ անեմ, առանց երեսին նայելու և տեղը բերելու, բայց հաստատ համոզմունք ունեմ, որ քթերից է գալու մեր երկրին իրենց տված վնասը: Մինչև մեքենայի բոլոր մասերը կարգի չբերվեն, էդ մեքենան կարգին չի ծառայելու մեզ, անհնար է մասնակի նորոգումներով հույս ունենալ, որ տասնամյակների ավիրածը կարելի կլինի շտկել: Վազգենավետիսյանները դեռ երկար ժամանակ չեն կռահելու, որ համակարգը իրենցից մաքրելու ժամանակն է, տո շպագատ էլ են իջնելու, կարճ շալվար էլ կհագնեն, որ աշխատատեղերը չկորցնեն, այդ խմբի բարեխղճության վրա չարժե հույս դնել: Մեկը, հենց համակարգից կամ վերադասներից պտի լինի, որ ասի՝ տղա ջան, իսկականից գնա տուն, քանի չես դատվել: Այս տեսակ չոր հաշվարկ է իմը, ոչ թե լիրիկա: Սրանց համատարած ներման, սրանցից բարեխղճության ակնկալիքն է լիրիկա, եթե կուզեք: Թե՞ մեկը կա կարծում է, որ այսպիսիք անփոխարինելի են, պատմեք՝ կպատմեմ, թե ով է անփոխարինելի:

Ինչու հիշեցի՞: Երազումս էի տեսել, կհավատա՞ք, հարցրեց քեզ ազատել են արդե՞ն, ասացի, չէ, քանի դու իրավապահ ես, մենք նստած ենք Նուբարաշենում»:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10219647937818385

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ