Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 24-ին կալանավորելու որոշում է կայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների վատնման մեջ, որը 2001-2018 թվականներին իրականացվել է իր ազդեցությունը օգտագործելով։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, Հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանները 2001- 2018 թվականներին օգտագործել են իրենց ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։
Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը Զինվորական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինածառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում:
Այս գործով պետությանը պատճառված վնասից 54 միլիոնը տարիներ առաջ վերականգնել էր հենց Ալեքսանդր Սարգսյանը:

