fbpx
Խորհրդարան
19:00 02/12/2019

Նամակներ ենք ստացել․ շատ հիմնարկներում պարգևավճարները տրվում են ընտրողաբար․ Մարուքյան

Շատ հիմնարկներում պարգևավճարները տրվում են ընտրողաբար, իրենց ծանոթներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իսկ ընդհանրապես, բոլոր հիմնարկներում 30 տոկոս պարգևավճարների ֆոնդ կա: Մենք առաջարկել ենք, որ քանի որ այդ փողը կա, բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնենք: Իմաստը ո՞րն է դա պահել որպես պարգևավճարի տող: Ընդ որում, շատ հիմնարկներում պարգևավճարները տրվում են ընտրողաբար, իրենց ծանոթներին: Մենք նման տիպի նամակներ ենք ստացել, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունից»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչապետն, ըստ էության, չպատասխանեց, թե ինչու է նախարարների աշխատավարձը կրկնապատկվել:

Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանում օգնականների աշխատավարձերը շատ ցածր են, և կա բողոք, որ այդ գումարով լավ իրավաբան կամ տնտեսագետ չես վարձի:

«Օրինակ, իմ օգնականը, որ իմ մոտից դուրս գա, կարող է մոտ 700 հազար դրամ աշխատավարձ ստանա: Թիմային մարդ է, աշխատում է այդ աշխատավարձով, բայց արդյոք դա արդա՞ր է: Երբ խոսում ենք խորհրդարանի դերը բարձրացնելու մասին, նաև սա նկատի ունենք»,-ասաց Մարուքյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ