fbpx
Աշխարհ

Շիֆը հաղթանակ է համարել Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրինագիծը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։

Շիֆը նկատել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Նա նշել է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել:

«Հուսանք` այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»,-նշել է կոնգրեսականը:

Ադամ Շիֆը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին և հատուկ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ չպետք է ֆինանսավորել մի երկրի, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։

«Դրանից բացի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաեւ զոհեր»,-ասել է նա:

Նա հավելել է, որ պետք է շարունակել աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնություններին` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը:

Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ