ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակի մարզը՝ նշելով, որ դեսպանն այստեղ, մասնավորապես, Գյումրիում շատ տեսնելու բան կգտնի, քանզի պահպանվել է 19 դարի քաղաքային կոլորիտը, հետաքրքիր ու տեսարժան վայրեր կան մարզի շատ բնակավայրերում։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին ու դրանց ամրապնդմանը՝ Հովհաննես Հարությունյանն ընդգծել է մարզային իշխանությունների պատրաստակամությունը ապակենտրոնացված համագործակցության առումով․ «Դուք Հայաստանի հյուրասեր ու հումորով աչքի ընկնող մարզում եք, որը մեծ ներուժ ունի, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք, եթե մեր երկու բարեկամ երկրների կապերը խորանան ապակենտրոնացված ֆորմատով, խոսքս ինչպես տնտեսական, այնպես էլ այլ բնագավառներում համագործակցությանն է վերաբերում։ Ես ուրախ կլինեմ, եթե կարողանանք հստակ մեր անելիքների քարտեզ նախանշենք և կարողանանք գործնական քայլեր իրականացնել»։
Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մարզպետին շնորհակալություն է հայտնել ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ հատկապես տպավորված է մարզային իշխանությունների պատրաստակամությամբ․ «Հարգարժան Հովհաննես Ավետիքի, շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ նախաձեռնողականություն, այս դեպքում գործնական քայլերի մասին խոսելն իսկապես հեշտ կլինի։ Մենք ևս պատրաստ ենք բազմակողմ ձևաչափով համագործակցության, Հայաստանի և Բելառուսի, մեր երկու ժողովուրդների միջև առկա է սերտ փոխգործակցություն և մենք այդ գործակցության խորացման ու սերտացման կողմնակից ենք»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա անելիքների, համատեղ աշխատանքային նախագծերի ու գործունեության քարտեզ մշակելու շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով երկուստեք ջանքեր չխնայել հարաբերությունների խորացման առկա ներուժը ճիշտ օգտագործելու համար։