Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը: Այս մասին հայտնել է Ada Derana տեղական լրատվական պորտալը:
Հիշատակի ակցիան սկսվել է ապրիլի 23-ին` ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 7:10-ին): Սգո ազգային օրվա կապակցությամբ իշխանությունները խնդրել են բնակիչներին սպիտակ դրոշներ կախել տների մոտ:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 310 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ` Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ և հյուրանոցներում:
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է ապրիլի 23-ից երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին: Բացի դրանից` երկրի Ազգային անվտանգության խորհրդում որոշում է ընդունվել ընդլայնել ուժային կառույցների լիազորությունները՝ հասարակական անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Adaderana նորությունների պորտալը հայտնել է, որ Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են շուրջ հազար զինծառայողներ Կոլոմբո ուղարկելու մասին՝ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ իրավակարգի ապահովման համար: Երկրի կառավարությունը տեղի ոստիկանության կենտրոնակայանում և պաշտպանության նախարարության շենքում կբացի օպերատիվ հակազդման և հատուկ գործողությունների նախապատրաստման կենտրոններ:

