fbpx
Կրթություն

«Շրջված դասարան» նախագիծը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: Մրցույթում նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:

Նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել աշակերտների համար ստեղծել սովորելու առավել հարմար միջավայր և հնարավորություն։

«Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի հետ: Արդյունքում առաջացավ «Շրջված դասարանի» գաղափարը, որը հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել ուսուցման գործընթացը և կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, ինչը կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ։ Բացի դրանից՝ մենք նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին՝ աշխատել և սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում Նարինե Սարգսյանը:

Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաև իրենց տրված նյութը հիմնավոր կյուրացնեն և այն խորացնելու հնարավորություն կունենան։ Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ դրա արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված նոր հնարավորությունները, ինչի արդյունքում նրանց շրջանում կձևավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի և ուսուցչի մասին։

Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»։ 2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների գծով: Երկու ամիսը մեկ անգամ կկատարվեն ներքին գնահատում և անհատական վերահսկողություն՝ սովորողների հաջողությունները և դժվարությունները գնահատելու համար։ Այդ ամենից զատ՝ նախատեսվում է կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար:

Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ռազմավարությունը և կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Որպես ծրագրի առավելություն՝ նրանք նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում և այն օգտագործում դասարանում գործնական աշխատանքի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ