«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է: Այս մասին գրում է Le Parisien-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց: Այժմ Շումախերի առողջությամբ զբաղվելու է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:
Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:
Հինգ տարի անց՝ անցյալ տարվա ձմռանը, լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին մարզիկն այլևս անկողնային ռեժիմում չի գտնվում և թոքերի արհեստական օդափոխման ապարատի կարիք չի զգում: