Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույց տալու իրենց աջակցությունը Իրաքի ցուցարարներին։ Նրանք դատապարտել են Իրաքի կառավարության կողմից ցուցարարների սպանությունը:
Նշենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլև մի քանի այլ նահանգներ՝ Զի-Կարը, Վասիթը, Նաջաֆը, Դիվանիան, Բաբիլը:
Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները։
Բողոքի ցույցերի ֆոնին հայտարարված պարետային ժամը չեղարկվել է: Նման որոշում կայացրել է այդ երկրի վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդին: