Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 14 տարում առաջին անգամ պատմական պետական այցով Հյուսիսային Կորեաում է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ նախկինում 2 երկրները «սառը պատերազմի» մեջ էին, որը հարուցել էին Փհենյանի միջուկային սադրանքները և ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին Չինաստանի մշտական աջակցությունը:
Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայում կլինի երկօրյա պետական այցով: Չինաստանի առաջնորդը Փհենյան է ժամանել տիկնոջ՝ Պեն Լիյուանի, ԱԳ նախարար Վան Իի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Նշվում է, որ չինացի առաջնորդի այցի առիթով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում կախված են չինական դրոշներ՝ հյուսիսկորեական խորհրդանիշների հետ միասին:
Սի Ցզինպինը Փհենյանում կայցելի նաև Բարեկամության աշտարակ, որը Կորեական պատերազմի ժամանակ Հյուսիսին պարտությունից փրկած չինական զորքերի հուշակոթողն է:
Սի Ցզինպինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատում են կապերի վերականգնման շուրջ. Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել արդեն 4 անգամ:
Վերլուծաբանների կարծիքով՝ չինացի առաջնորդը սպասում էր մինչև ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև վարվող բանակցությունները կկորցնեին իրենց նշանակությունը և միայն դրանից հետո է կատարել իր այցը:
Հյուսիսկորեացի վերլուծաբան Լիմ Յուլ-Չուլի կարծիքով՝ այս ուղևորությունը Չինաստանին հնարավորություն է ընձեռում ցույց տալու տարածաշրջանում իր ազդեցությունը: Ինչն վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա, վերլուծաբանի կարծիքով, այս երկիրը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել, որ վայելում է Չինաստանի աջակցությունը, և Վաշինգտոնին ակնարկել, որ պետք է դադարեցնի իր առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ոչ մի համաձայնագիր չի կնքվել, իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները անցյալ ամիս փակուղի են մտել: