Թուրքիան մասնակիորեն անցել է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին հաղորդել է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը:
Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են:
Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել է տարանցումը «Հյուսիսային հոսքերից» վերաուղղորդել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հաբ՝ Եվրոպա մատակարարումների համար: Էրդողանն իր կողմից հայտարարել է, որ հանձնարարել է արագորեն սկսել աշխատանքն այդ գաղափարի ուղղությամբ:
Հոկտեմբերին Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան խնդրում է «Գազպրոմ»-ին՝ մատակարարումների զեղչեր անել, ինչպես նաև ձգտում է հասնել ուշացումներով վճարումների:
